ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Երբ Հայաստանը նշաձողի իր բաժին զիջումն անում է, հաջորդ պահին այն արդեն ընդունելի չէ Ադրբեջանի համար, և նա սկսում է ավելին պահանջել։ Նման դիտարկում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է՝ հենց սա էլ հանգեցրեց պատերազմին։
Միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի փոխզիջումային տարբերակով, իսկ փոխզիջում նշանակում է՝ կողմերը որոշակի ճկունություն ցուցաբերեն նախնական նշաձողերից։
«Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն, և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը։
Արդյունքում Ադրբեջանը տապալում է հրադադարի հաստատման հետ կապված միջազգային ջանքերը՝ տարբեր պատճառաբանություններ բերելով։ Նա ընդգծել է՝ այս հարցում մեծ ու վճռական է հենց Թուրքիայի դերը։
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
«...Եվ նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին մեր երկրի համար այս դժվար պահին այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:
«Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր բարեկամ Ֆրանսիայում գործունեություն ծավալելիս»,- ասել է Փաշինյանն ու առանձնահատուկ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Վարչապետը շեշտել է՝ նա առաջին միջազգային առաջնորդն էր, ով այս իրավիճակի մասին խոսեց ճշմարտության լեզվով՝ հստակ արձանագրելով, որ Արցախի դեմ ծավալված պատերազմում ներգրավված են վարձկաններ Սիրիայից, և որ այս պատերազմի հիմնական հրձիգը Թուրքիան է։
Փաշինյանը հավելել է, որ մշտական կապի մեջ է նախագահ Մակրոնի հետ։
Վարչապետը ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հետ քննարկումներին, Թուրքիայի ապակառուցողական գործելաոճին և տարածաշրջանային նկրտումներին, արցախա-ադրբեջանական հակամարտությունում Իսրայելի անուղղակի ներգրավվածությանը։ Խոսվել է նաև այն ակնկալիքների մասին, որ հայ ժողովրդն ունի միջազգային հանրությունից։
Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ. Վալերի Բուայե
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել քննարկման համար և տեղեկացրել, որ պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: