Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը

Բացառապես անհետաձգելի, արտակարգ իրավիճակների դեպքում դեսպանությունը կանդրադառնա էլեկտրոնային հասցեին ուղարկվող հայտերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է, որ որոշման պատճառը մեր երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է։ Այսպիսով,  հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար:

Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին

Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների ժամկետը կարող է երկարաձգվել։

Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման և զարգացման տեմպերը։

«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների, անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Նշվում է, որ հնարավորության դեպքում կբավարարվեն միայն հյուպատոսական սպասարկման հայտերը։ Շեշտվում է՝ բացառապես արտակարգ և հումանիտար ծանրակշիռ հանգամանքների առկայության դեպքում։

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Նորությունների մասին դեսպանությունը կտեղեկացնի պաշտոնական կայքէջում։

Դեսպանությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ժամը 11։00–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 77837 դեպք։ Մեկ օրում թեստի դրական պատասխան են ստացել 2314 պացիենտ։