Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

Ժոզեպ Բորելը ներկայացրել է Թուրքիայի ապագան. թուրքական իշխանությունների կողմից քաղաքական կամք չդրսևորելու պարագայում Թուրքիան ավելի մեկուսացած կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը` անդրադառնալով Էրդողանի` «Մակրոնը հոգեկանը բուժելու կարիք ունի» արտահայտությանը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին

«Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել վտանգավոր այդ առճակատումը», - գրել է Բորելը։

Նա մեկ այլ գրառմամբ էլ ասել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում հարաբերությունները վերականգնելու համար, դրա համար թուրքական իշխանությունները քաղաքական կամք պետք է դրսևորեն։ Հակառակ դեպքում, ըստ Բորելի, Թուրքիան ավելի մեկուսացած կդառնա։

Հիշեցնենք, որ Էրդողանը Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել, երբ Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Այսինքն` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Մակրոնի վերաբերյալ Էրդողանի նման հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։