ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահն անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին ու Ադրբեջանի քայլերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը` Twitter-ի իր միկրոբլոգում գրառում կատարելով։

Նա հայտնել է, որ զրուցել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով Արցախի մանրամասն ներկայացրել է  իրավիճակը։

«ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի` ինչպիսիք են պատժամիջոցների սահմանումը, որպեսզի Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալներ կիրառելը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնասականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։