«Ադրբեջանի ՊՆ–ն ունի նման տվյալներ». պետդումայի պատգամավորը` Արցախում գրոհայինների մասին

Մոսկվայում քաջ գիտակցում են Ղարաբաղ գրոհայիններին ուղարկելու հավանական հետևանքները։ Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել էր, որ հակամարտության գոտի են տեղափոխվում վարձկաններ Մերձավոր Արևելքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի մարտերին սիրիացի զինյալների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը ապացույցներ չի ներկայացրել Բաքվին ԼՂՀ մարտերում Ադրբեջանի ԶՈւ կողմից սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ։

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Վոդոլացկին հայտարարել է, որ եթե Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Թուրքիայից Արցախ արգելված ահաբեկչական կազմակերպությունների անդամ սիրիացի զինյալներ են ներթափանցել, ապա նա անհերքելի ապացույցներ ունի։

«Դրանից ելնելով, արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքների շրջանակում, համոզված եմ, որ նման նյութեր տրամադրվել են Ադրբեջանի ՊՆ–ին և հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Ինչու Ադրբեջանի ՊՆ–ն, պատասխանատու անձինք իրենց նախագահին չեն տեղեկացրել, դա արդեն երկրորդ հարցն է։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ–ն նման տվյալներ ունի, և նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին», – ասել է Վոդոլացկին։

Խորհրդարանականի կարծիքով, եթե Ալիևն այդ մասին չի տեղեկացվել, դրա համար պատասխանատու անձինք «հանդես են գալիս ոչ թե իրենց նախագահի կողմից, այլ մեզ համար անհասկանալի իրենց փակ խաղն են վարում»։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ ԱՀԾ–ի տեղեկություններով, Արցախի հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է։

Նարիշկինի հայտարարությունից հետո Ալիևը փոխել է անզիջում տոնայնությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Արցախի թեժ հակամարտության գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում և Մոսկվայի համար խորը մտահոգության առիթ է։

Ինչպես հայտնի է` Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։