Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ–ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։