ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում: Այսպիսի հայտարարություն է արել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու` Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ագն հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ:
Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:
«Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը»,–նշված է հաղորդագրության մեջ
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել էին մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք էին բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:
Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈւ համազգեստներով. Բեգլարյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը