Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Առանց Արցախի չկա Հայաստան. Փաշինյանը նշեց` որն է ստեղծված իրավիճակում մեր անելիքը

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։