Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով. Մնացականյանը` Փելոսիին

Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է նաև Ադրբեջանի ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը` նշելով, որ այն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։

Զոհրաբ Մնացականյանը վաշինգտոնյան բանակցություններն արդյունավետ է անվանել

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, այդ թվում` խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ  և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։

«Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մնացականյանն արձանագրել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստին` նշելով, որ այն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ։ Սա, նրա խոսքով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը