ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները

Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունները, իհարկե, չեն կարող չմտահոգել տարածաշրջանային հիմնական խաղացողների մեկին, ով բավական ակտիվ է արտաքին քաղաքական դաշտում։ Խոսքն Իրանի մասին է։
Sputnik

Թեհրանում գերադասում են չխոսել այն մասին, որ հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները, որոնք կրում են «Երկնքի պահապանները-99» անվանումը, ուղղակիորեն կապված են այն օպերատիվ իրավիճակի հետ, որը տիրում է պետական սահմանի հյուսիսային հատվածի արևմտյան մասում։ Սակայն զորավարժությունների մասշտաբները, որոնք ընդգրկում են երկրի տարածքի կեսից ավելին, ինքնին խոսուն են։

Իրանի հյուսիսային սահմաններում «համաշխարհային հեգեմոնն» իրական հետաքրքրություն ունի

Իրանի ղեկավարությունը մտահոգվելու առիթներ շատ ունի։ Դրանք և՛ երկրի տարածք ընկնող հրետանային արկերն ու հրթիռներն են, և՛ ադրբեջանական անօդաչուները, որոնք պատահաբար կամ դիտմամբ հայտնվում են այնտեղ մարտական գործողությունների ընթացքում։ Տեղեկությունն այն մասին, որ Իրանի տարածքում խոցված (որոշ պնդումների համաձայն` հենց իրանական ՀՕՊ–ի կողմից) անօդաչուն իսրայելական արտադրության էր, Թեհրանին ստիպեց ավելի լարվել։

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով Իրանն ուժեղացրել է սահմանների պաշտպանությունը

Առավել ևս, որ վարկած կա, համաձայն որի ԱԹՍ–ն (մարտական գործողությունների «քողի տակ») սահմանից այն կողմ հետախուզում էր երկրի սահմանային ենթակառուցվածքների տեղակայումը։ Այդպես էր իրականում, թե պարզապես Իրանի ՀՕՊ–ը ձանձրացել էր ձեռքերը ծալած նստելուց, երբ օտար ԱԹՍ–ներ են «գնում-գազիս»` պարզ չէ։ Ինչպես ասում են` no comment։

Սակայն փաստը մնում է փաստ. Իրանը լայնածավալ ռազմական զորավարժություններում օգտագործում է և՛ անմիջապես ՀՕՊ միջոցներ, և՛ դրանց ուղեկցող հսկողության համակարգեր։ Բացի այդ զորավարժություններում ներգրավված են ռազմական ավիացիան և մի քանի տեսակ հայրենական (իրանական) արտադրության ԱԹՍ–ներ։ Թեպետ, ներգրավված տեխնիկայի ծավալները հաշվի առնելով, ՀՕՊ զորավարժությունների թափը միայն Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններով բացատրելը դժվար է։

Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրականում ակնհայտ է մեկ այլ բան` Թեհրանն իսկապես լուրջ մտահոգվում է, որ արցախյան պատերազմը, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայությունը հաշվի առնելով, պարզապես ՆԱՏՕ–ի կողմից ծրագրվող մեկ այլ՝ ավելի լայնածավալ մարտական գործողությունների նախերգանք է։

Չէ՞ որ գերտերության` ԱՄՆ–ի ծրագրերը, որն էլ իրականում ղեկավարում է Հյուսիսատլանտյան դաշինքը, հայտնի են։ Վաշինգտոնն առանձնակի չի էլ թաքցնում, որ տարածաշրջանում իր հիմնական ռազմական նպատակը հենց Իրանն է, որը հաջողացնում է նույնիսկ պատժամիջոցների և խիստ ճնշման ամենաբարդ պայմաններում անկախ արտաքին քաղաքականություն վարել և չենթարկվել «համաշխարհային հեգեմոնին»։ Հարավկովկասյան տարածաշրջանը, ինչպես հայտնի է, բնական Հյուսիսային դարպաս է` մուտք իրանական տարածք։

Եվ այստեղ արդեն բոլորովին մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչու է ՆԱՏՕ–ն այդքան դժկամորեն արձագանքում իր անդամներից մեկի` Թուրքիայի, ագրեսիայի նմանվող ակտիվությանը։ Հաշվարկ կա, որ Բաքվին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Անկարան այստեղ կամրապնդվի եթե ոչ ընդմիշտ, ապա բավական երկար ժամանակով։

Մի՞թե Անկարայում որոշել են, որ հարվածն Իրանին վճռված հարց է

Եվ ահա այստեղ, երբ, պատկերավոր ասած, ժամանող և մեկնող թուրքական (այսինքն ՆԱՏՕ-ական) ռազմական ինքնաթիռները, ինչպես կործանիչները, այնպես էլ տրանսպորտայինները,  համաշխարհային հանրության համար սովարական երևույթ կդառնան` պետք է դժբախտության սպասել։  Չէ՞ որ եթե Միացյալ Նահանգները որոշեն նման խոշոր ավանտյուրայի մեջ մտնեն, ինչպիսին է 80-միլիոնանոց Իրանին ռազմական հարված հասցնելը, ապա առանց հյուսիսում ռազմական պլացդարմի գործը գլուխ չի գա։

Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով համառ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Եվ այդ առումով Իրանի տեսանկյունից արյունալի պատերազմը, որը Թուրքիայի աջակցմամբ Արցախի վզին է փաթաթել Ադրբեջանը, կարելի է դիտարկել զուտ որպես  հավանական հակառակորդի կողմից իրականացվող ինքնատիպ «հետախուզություն` մարտով»։   Խոսքն այն Անկարայի մասին չէ, որը դեռ փորձում է Թեհրանի հետ լավ հարաբերություններ պահապնել և նույնիսկ անհրաժեշտության դեպքում իրանական էներգակիրների (նավթ և գազ) որոշ քանակ է գնում։

Տվյալ դեպքում, խոսքը այն նույն ՆԱՏՕ-ական Թուրքիայի մասին է, որի գործառույթն Իրանի դեմ նախապատրաստվող (կարելի է չկասկածել) մեծ ռազմական գործողությունների ընթացքում լինելու է Հյուսիստլանտյան դաշինքի զորքերի համար Ադրբեջանում պլացդարմ պատրաստելը։ Չէ՞ որ որքան էլ խոսեն Էրդողանի ֆանտաստիկ կայսերական ամբիցիաների մասին, նա ունի խելամտություն և աշխարհաքաղաքական դաշտում հիմնական խաղացողների գործողությունները մի քանի քայլ առաջ հաշվարկելու ունակություն։ Իսկ դա նշանակում է, որ Անկարայում, ինչպես և Վաշինգտոնում ու Թել Ավիվում, հասկանում են, որ հարվածն Իրանին վճռված հարց է։  Թեև դեռ չեն կողմորոշվել ժամանակի առումով։ Այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է կա՛մ կանխորոշել իրադարձությունները, կա՛մ էլ ընդհանրապես արդեն պայմանավորվել է ՆԱՏՕ-ական ավագ դաշնակից ԱՄՆ–ի հետ։

Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

Ահա և Թեհրանը հանդգնեց, պատկերավոր ասած, քայլ անել ձիով, առաջ ընկնել, ու թևքից հանել հաղթաթղթերից մեկը, որի վրա հույս է դնում պոտենցիալ հակառակորդի կողմից ռազմական մեծ արկածախնդրության դեպքում։ Այդ խաղաթուղթը երկրի հզոր ՀՕՊ–ն է, որը միակը չէ Իրանի ղեկավարության ձեռքում։ Իրանը նաև բավական լավ բալիստիկ համակարգեր և հրթիռներ, ինչպես նաև լավ զրահատեխնիկա ունի։

Սակայն այս փուլում, երբ արցախյան պատերազմի ընթացքն ապացուցեց, որ ԱԹՍ–ները լուրջ ռազմական ներուժ ունեն, այդ փաստով պետք է լրջորեն մտահոգվել։ Ահա և մտահոգվել են ու որոշել ցույց տալ աշխարհին, որ Իրանի ղեկավարությունը և՛  տարբեր նշանակության (թե՛ հետախուզական, թե՛ հարվածային, թե՛ «կամիկաձե») սեփական անօդաչուներ ունի, և՛ միջոցներ՝ դրանց դեմ պայքարելու միջոցներ։

Կարող է և չկրակեն` չեզոք հարևանին չզայրացնելու համար

Զորավարժությունների ծավալն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Այդ հսկա մեքենան չէր կարող գործի դրվել ադրբեջանական բանակի կամ ղարաբաղյան պաշտպանության բանակի դեմ։ Ակնհայտորեն կռվող կողմերին վախեցնելու համար չէ, որ դրանք ավելի զգույշ լինեն, ավելի ճշգրիտ նշան բռնեն ու չվրիպեն՝ հրետակոծության ժամանակ ու արկեր և հրթեռներ չարձակեն, որոնք հաճախ իրանական տարածք են ընկնում։ Իրանն այն բանի համար չի ցուցադրում իր ՀՕՊ-ի հզորությունը, որ, ասենք, ադրբեջանական զորքերը վախենան Արցախի վրա հարձակվել սահմանի երկայնքով՝ հարավային ուղղությամբ։

Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

Հայկական զորքերը չէին կրակի նրանց վրա, վախենալով չեզոք երկրի հետ դիվանագիտական խնդիրներից։ Հասկանալի է, որ ադրբեջանական զինվորականները երբեմն օգտագործում են այդ հանգամանքը, հասկանալով, որ հայկական հրետանին երբեմն կարող է նաև չկրակել՝ իրանցիներին չբարկացնելու համար։

Հենց այդպես էլ կարողացել են 30-40 կիլոմետր անցնել հարավով՝ Իրանի սահմանին «կպած»։ Մինչև չընկան «Զանգելանի կաթսայի» մեջ ու չկտրվեցին հիմնական ուժերից ու ռազմական մատակարարման կարգավորված լոգիստիկայից։

Ինչ դեր կարող է ունենալ Իրանն Արցախի հարցում. Փաշինյանի հարցազրույցը IRNA գործակալությանը

Իսկ հետո հայ զինվորականների մանրակրկիտ մշակած թակարդը փակվեց, քանի որ իրականում սարերից ու հարթավայրի բարձունքներից կարելի է այնպես կրակել հատուկ նշանակության ադրբեջանական խմբավորումների վրա որ արկերն Իրանի տարածք չընկնեն։

Ինչ-որ պահի Իրանն իհարկե անհանգստացավ, երբ կարճ ժամանակով Ադրբեջանի ԶՈւ-ն հսկողություն հաստատեց Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ։ Դա հասկանալի է։ Բաքվի համար ջրամբարի վերահսկողությունը կարող էր լուրջ լծակ դառնալ Թեհրանի վրա ազդելու համար, իսկ իրանական ղեկավարությունը շատ չի սիրում, երբ իրեն փորձում են ինչ-որ բան ստիպել։

Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չէր կարող առիթ դառնալ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի ներկայիս ծավալուն զորավարժությունների համար։ Այնտեղ ներգրավված են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար կազմավորումները։ Դա ուժի ցուցադրությու՞ն է։ Մկանների խա՞ղ։ Իհարկե։ Սակայն հասցեատերերը ամենևին էլ Ղարաբաղն ու Ադրբեջանը չեն։