Մնացականյանն ու Ռիքերը հանդիպել են. ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծել է Թուրքիայի գործոնը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի մասնակցությունը մարտական գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները միտված են Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։

«Ռիքերի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ»,–նշված է ԱԳն հաղորդագրության մեջ։

Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որը արտահայտվում է թե՛ անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ։

Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը: ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։

Հիշեցնենք, որ այսօր` Երևանի ժամանակով 17:30-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի։ Մնացականյանի` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում է, ՀԱՊԿ-ի օգնության մասին խոսելը կոռեկտ չէ. ՌԴ ԱԳՆ