Մինչև Մնացականյանի հետ հանդիպումը ամերիկահայերը Պոմպեոյին պիտի հասցնեն իրենց վրդովմունքը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հայտարարել է, որ հայերը պետք է վստահ լինեն, որ հանդիպման գնալիս, Պոմպեոն տեղյակ կլինի ԱՄՆ-ի անգործությունից իրենց վրդովմունքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոին հասցնել հայ ժողովրդի վրդովմունքը։

«Մենք պետք է համոզված լինենք, որ այդ հանդիպումներին գնալիս Պոմպեոն տեղյակ կլինի, թե որքանով եք դուք վրդովված ԱՄՆ-ի անգործությունից ՝ ի պատասխան Ադրբեջանի սանձազերծած հարձակման և Արցախի ու Հայաստանի հայ խաղաղ բնակիչների անխոհեմ ռմբակոծությունների»,– ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Ճանաչեք Արցախը. Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Իսկ որպեսզի ԱՄՆ պետքարտուղարը տեղյակ լինի ամերիկահայերի դիրքորոշումից, կոմիտեն հայերին կոչ է անում

  • զանգահարել Պոմպեոյի գրասենյակ (202) 647-4000 համարով ու թողնել «Ճանաչել Արցախը, դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը և սանկցիաներ կիրառել Ալիևի ու Էրդողանի նկատմամբ» հաղորդագրություն,
  • Պոմպեոյի Twitter-ի պաշտոնական էջում (@SecPompeo) թողնել «ԱՄՆ-ը պետք է անհապաղ  ճանաչի Արցախը, դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը, Արցախում հայերի դեմ փաստագրված ռազմական հանցագործությունների համար սանկցիաներ կիրառի Ալիևի ու Էրդողանի նկատմամբ` 907-րդ բանաձևի համաձայն»։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում նաև նույն բովանդակությամբ նամակներ ուղարկել Պոմպեոյի պաշտոնական էլեկտրոնային հասցեով (anca.org/WritePompeo)։

Հայտնի է` ժամը քանիսին տեղի կունենա Պոմպեոյի և Մնացականյանի հանդիպումը

«Սրանք այն քայլերն են, որ դուք կատարում եք հայության կյանքը փրկելու համար»,– ասված է կոմիտեի` ամերիկահայերին ուղղված կոչի մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Տեղական ժամանակով 9:30–ին (Երևանի ժամանակով 17:30) Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի։

Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ըստ տեղեկությունների` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: