Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով

Նախնական տվյալներով` թշնամին Մարտակերտի և Մարտունու շրջանի ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այժմ տեղային մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով` թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է «Սմերչ» տեսակի հրթիռներ։

«Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը