Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել

Արտակ Բեգլարյանը հրապարակել է չարաճճի ժպիտներով արցախցի փոքրիկների լուսանկարն ու հայտնել, որ նրանք այն նույն երեխաներն են, որ ադրբեջանական հրթիռակոծությունների ժամանակ եղել են Ղազանչեցոց եկեղեցու ապաստարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Facebook-ում արցախցի երեխաների լուսանկար է հրապարակել։ Երեխաները լուսանկարվել են Շուշիում, Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ֆոնին։ Նրանք անկեղծորեն ժպտում են։

«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը»,– գրում է Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ը նաև մեկնաբանում է, որ լուսանկարում պատկերված երեխաները հոկտեմբերի 8-ին ադրբեջանական հրթիռակոծությունների ժամանակ եղել են Ղազանչեցոց եկեղեցու ապաստարանում։

Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար

Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է լացող ու դժբախտ երեխաների լուսանկարներ տարածել, անգամ այն բանից հետո, երբ ի լուր աշխարհի բացահայտվեց, թե ինչպես են արվում նման նկարահանումները։

Հիշեցնենք` օրեր առաջ պարզվել էր, որ ադրբեջանական կայքերում տարածված արտասվող աղջիկ երեխան ոչ թե պատերազմի հետևանքով տուժած է, ինչպես փորձում էին ներկայացնել, այլ փորձառու մոդել։

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երեխային պատրաստում լուսանկարվելուն, մեկը շտկում է մազերը, մեկը` կարգավորում լույսը, մեկն էլ անձեռոցիկի վրա ինչ–որ հեղուկ է կաթեցնում, հավանաբար` երեխայի արցունքների տպավորություն ստանալու նպատակով։