Ճանաչել Արցախը, չօգնել Բաքվին ու Անկարային. ԱՄՆ Կոնգրեսը բանաձևերի նախագծեր կքննարկի

Բանաձևերում առաջարկվում է ճանաչել Արցախի անկախությունը, դադարեցնել Թուրքիային ու Ադրբեջանին տրվող օգնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսականները երեկ Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Ադրբեջանին ու Թուրքիային տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին բանաձևերի նախագծեր են ներկայացրել:

Մինչև Մնացականյանի հետ հանդիպումը ամերիկահայերը Պոմպեոյին պիտի հասցնեն իրենց վրդովմունքը

Առաջին բանաձևի նախագիծը ներկայացվել է Սենատ։ Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել տվյալներ հավաքել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին: Այդ տվյալների հիման վրա ԱՄՆ-ն պետք է դադարեցնի կամ կրճատի զենքի և ռազմական օգնության մատակարարումները։

Պետք է ուսումնասիրել նաև տվյալներն այն մասին` արդյոք Ադրբեջանն ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն օգտագործում է Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայում, Լիբանանում և Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Մասնավորապես պետք է ստուգել` Թուրքիան Հարավային Կովկասում F-16 կործանիչներ օգտագործում է, թե ոչ։

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի չդադարող ագրեսիան, որը սատարում է Թուրքիան, արդեն հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և մարդու իրավունքների խախտումների։ Միացյալ Նահանգները չպետք է շարունակի Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվող ռազմական օգնությունը, նրանք գնալով ավելի ու ավելի են ոչնչացնում տարածաշրջանի խաղաղության հնարավորությունները»,– ասվում է սենատորի հայտարարության մեջ։

Բանաձևի համահեղինակներն են Դեմոկրատական կուսակցության սենատորներ Դիք Դուրբինը, Ջեք Ռիդը, Քորի Բրուքերը, Բոբ Քեյսին, Էդ Մարկին և Քրիս Վան Հոլենը:

Մյուս բանաձևը կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ներկայացրել է Ներկայացուցիչների պալատ։ Բանաձևում կոչ է արվում դատապարտել Արցախի նկատմամբ ագրեսիան (տեքստում հենց Արցախ է գրված), իսկ հակամարտության կողմերին հորդորում են վերադառնալ սեպտեմբերի 27-ին նախորդող դրության: Հանուն Արցախի բնակչության անվտանգության անհրաժեշտ է նաև ճանաչել Արցախը և օգնություն չտրամադրել Ադրբեջանին Ազատության պաշտպանության մասին օրենքի (Freedom Support Act) 907 սեկցիայի շրջանակում, որը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր դեռևս 1992 թվականին (2001 թվականից ԱՄՆ նախագահներն իրավունք ունեն կասեցնելու 907 սեկցիայի գործողությունը, ինչը բազմիցս արել են-խմբ.):

Հայտնի է` ժամը քանիսին տեղի կունենա Պոմպեոյի և Մնացականյանի հանդիպումը

Առաջարկվում է նաև թույլ տալ ԱՄՆ պաշտոնյաներին այցելել Ղարաբաղ՝ շփվելու իրենց գործընկերների հետ։

Այս ամենը, այդ թվում` Ղարաբաղի ճանաչումը, անհրաժեշտ է, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները ցույց տվեցին, որ տրամադրված չեն այնպիսի խաղաղ լուծման, որը կերաշխավորի հայերի բնակությունը Արցախում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը