ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի սպառողական շուկան արժանապատվությամբ ընդունեց ռազմական դրության մարտահրավերը, ավելին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պարենային մթերքի գնաճ չի գրանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։
«Բեռնափոխադրումներն անխափան են իրականացվում, հետևաբար՝ երկրում պարենային դեֆիցիտ չկա։ Բեռներն ինչպես եկել, այնպես էլ գալիս են Վրաստանի ու Իրանի տարածքով» , - ասաց Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ ապրանքի առանձին տեսակներ թանկացել են։ Դա կապ չունի Ղարաբաղում ընթացող պատերազմի հետ։ Թանկացումը պայմանավորված է երկու պատճառնով․ մրգի ու բանջարեղենի դեպքում դա սեզոնային է, մյուս դեպքերում կապված է այն երկրներում տեղի ունեցած գնաճով, որտեղից Հայաստան են ներմուծվում տվյալ ապրանքները։ Դրանցից են, օրինակ, արևածաղկի ձեթն ու կարագը, շաքարավազն ու ալյուրը։
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը
Փորձագետը պարզաբանում է, որ արևածաղկի ձեթը Հայաստանում թանկացել է, քանի որ Ռուսաստանում դրա գինը 20%-ով աճել է։ Չիլինգարյանը նշեց, որ երկրում առաջին անհրաժեշտության իրերի գնաճ չի գրանցվել։ Հիմնականում գնաճը սեզոնային բնույթ է կրում։
Օրինակ, աճել է ձմերուկի գինը։ Արքայանարնջի դեպքում գինը նվազում է, քանի որ հիմա այդ մրգի սեզոնն է։ Չեն փոփոխվել Հայաստանում արտադրվող մթերքի, նաև մսի ու ձկան գները։
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքի էմբարգոյին, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Չիլինգարյանը միայն ողջունում է իշխանության այդ քայլը։ Փորձագետը, սակայն, կոչ է արել չբոյկոտել թուրքական այն արտադրանքը, որն արդեն վաճառվում է հայկական շուկայում։
«Մեր գործարարներն արդեն վճարել են ապրանքի համար, հետևաբար, դրանք հիմա Հայաստանում բոյկոտելով, վնասում եք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին», - ասաց Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ հայկական տնտեսությունն ու գործարարները շատ չեն տուժի առանց թուրքական ապրանքների։ Հագուստից բացի, Թուրքիայից Հայաստան է բերվում կենցաղային քիմիա, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել։ Դեռ ժամանակ կա նոր շուկաներ գտնելու համար։ Թուրքական շուկային Հայաստանի համար այլընտրանք կարող են լինել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Չինաստանի ու այլ շուկաներ։
«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատերազմն ուժեղ ազդեցություն չի ունեցել հայկական շուկայի վրա։
«Դրամի փոխարժեքն երկու տոկոսով անկում է ապրել, ինչը գնաճի կհանգեցնի։ Սակայն պարենային անվտանգության ու ապրանքների գների առումով իրավիճակը կայուն է», - ասաց Միքայելյանը։
Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը
Փորձագետը կարծում է, որ Հայաստանն առանց թուրքական ապրանքների չի տուժի։ Երկիրը պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակից ու սուբսիդավորի, մասնավորապես, տեղական արտադրությունը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել։
Միքայելյանի խոսքով՝ թուրքական կենցաղային ապրանքները երկար ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի սպառողական շուկայի կայունության պահպանման առումով։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է․ կենցաղային ապրանքները տարբեր երկրներից են գալիս, հատկապես, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո։ Այժմ մենք այդ ապրանքն ավելի շատ գնում ենք ԵԱՏՄ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանից։
Բացի այդ՝ թուրքական ապրանքները կարելի է փոխարինել տեղականով։ Այդ պատճառով բացասական ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ այլընտրանք կա։ Միքայելյանի խոսքով՝ թուրքական ապրանքը փոխարինելու հարցում Հայաստանի համար պոտենցիալ շուկա կարող է լինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Բանգլադեշը, Չինաստանը։
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Այդ կապակցությամբ Միքայելանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգնի բիզնեսին կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։
Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով (6-7 տոկոս), կարագի 1 կգ–ը` 20 դրամով (1 տոկոսից պակաս), ձեթը` 15-80 դրամով (մոտ 0.5 տոկոս), ալյուրը` 10-15 դրամով (4.5 տոկոս)։
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:
Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։