«Երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգն Ադրբեջանի և Թուրքիայի մտածողության մաս է կազմում, հետևաբար պետք չէ զարմանալ, որ Ադրբեջանի ցանկացած քայլ ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի առաջ քաշած այն թեզը, որ Թուրքիան պետք է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
«Բավականին երկար ժամանակ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքական բոլոր ձեռնարկումները կոորդինացնում է Թուրքիայի հետ, ավելին` թուրքական գաղտնի ծառայությունները, հետախուզական, արտաքին քաղաքական-վերլուծական կենտրոններն են, որ ուղղորդում և մատակարարում են Ադրբեջանի գործելաոճը։ Ադրբեջանում ցանկացած առաջարկ կամ նախաձեռնություն, ցանկացած արտաքին քաղաքական կամ ռազմական քայլ մշակվում է, քննարկվում է Թուրքիայում, հետո նոր Ադրբեջանն այդ մասին հայտարարում է»,- ասաց նա։
Նրա խոսքով` տևական ժամանակ է, որ Ալիևը և իր քարոզչամեքենան աղմկում են Մինսկի խմբի և դրա համանախագահության անարդյունավետ աշխատանքի մասին։ Այդ փաստը հիմնավորում են նրանով, թե իբր համանախագահող երկրները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում և աջակցում են Հայաստանին։
«Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ֆրանսիան ունի հակաթուրքական դիրքորոշում և հռետորաբանություն։ Այս առումով նրանց առաջարկը հիմնավորվում է այսպես` վերականգնենք հավասարակշռությունը, որպեսզի համանախագահների ձևաչափում Ադրբեջանն էլ ունենա աջակից պետություն»,- պարզաբանեց Քեռյանը։
Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նշել էր, որ շատ բան կախված է օրակարգից և պնդել, որ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։