ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:
«Տեղական ժամանակով 9:30–ին (Երևանի ժամանակով 17:30) Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նա արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ըստ տեղեկությունների`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
«ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չէ». Ստոլտենբերգն ու Սարգսյանը` հակամարտության լուծման մասին
Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։