Համացանցում, ադրբեջանական աղբյուրներում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի տարածքում գտնվող հայ գերիները։
Դրանցից մեկն, ամենայն, հավանականությամբ նկարահանվել է հայկական ԶՈՒ որևէ զինվորական ստորաբաժանման տարածքում, քանի որ պատին փակցված է «Զորանոց» գրությամբ ցուցանակ։ Այս տեսանյութում ադրբեջանցի զինվորականը գերիներին ստիպում է իր հետևից կրկնել. Карабах-Азербайджан, ինչը նրանք ստիպված անում են։ Տեսանյութում հայ գերիներն 8-ն են։
Տարածված այլ երեք տեսանյութերում ներկայացված են 3 այլ գերիներ, որոնք ներկայանում են որպես Հայրապետյան Վալերա Աշոտի, ծնված 1997թ–ին, Ստեփանակերտում, Էդիկ Ցոլակի Տոնոյան, ծնված 1975թ–ին, Շիրակի մարզի Մեծավան գյուղում ու Ալբերտ Երվանդի Միքայելյան, ծնված 2001թ–ին Գյումրիում։
Ադրբեջանական կողմն, ամենայն հավանականությամբ, ստիպել է պատմել, թե իրենց ստիպողաբար են զինվորագրել ու, իբր, հայերն ուզում են Ղարաբաղում ապրել ադրբեջանցիների հետ միասին, խաղաղ, ինչպես ոչ վաղ անցյալում։
Իսկ Ալբերտ Երվանդի Միքայելյանին ստիպել են ասել, թե իբր սեպտեմբերի 27-ից առաջ Ղարաբաղում զորավարժություններ էին անցկացվում, որին նաև վարձկաններ էին մասնակցում` յուրաքանչյուրը 600 դոլարով։
Հայ գերիներին սպանել են հենց Հադրութում. հայտնի է նրանց ինքնությունը
Տարածված տեսանյութի մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ բոլոր տեսանյութերը ուղարկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։
«Բոլոր տեանյութերն էլ, տեղեկատվությունն էլ ուղարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Իրենք աշխատանքներ են տանում այս ուղղությամբ»,– ասաց մեր զրուցակիցը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հաստատեց միայն Ալբերտ Միքայելյանին գերեվարման փաստը։
«Ցանկացած տեղեկություն, որը գալիս է տարբեր ալիքներով, տարբեր միջոցներով, պետք է նաև հաստատվի նաև հակառակ կողմից, որպեսզի, դրանից հետո արդեն դիմենք այցելության թույլտվություն ստանալու»,– ասաց Ամատունին։
Նա նաև հայտնեց, որ ԿԽՄԿ–ն մշտապես կապի մեջ է բոլոր գերիների ընտանիքների հետ և հորդորեց իրենց հարազատների գերեվարման մասին տեղեկություններ ունենալու դեպքում հնարավորինս արագ կապ հաստատեն իրենց հետ։
Զառա Ամատունին հայտնեց նաև, որ համացանցում հայտնված նոր տեսանյութերում ներկայացված գերիների մասին ԿԽԿՄ հայաստանյան գրասենյակն առայժմ հրապարակման ենթակա տեղեկություն չունի։
Ի պատասխան մեր հարցի, Զառա Ամատունին հաստատեց միայն, որ Ադրբեջանում գտնվող գերիներից ԿԽՄԿ–ն մինչ օրս այցելել է Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին, Ալբերտ Միքայելյանին ու Ազնիվ Բաղդասարյանին։
Նշենք, որ ներկա պահին պաշտոնապես հաստատված տեղեկությունների ու համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, սեպտեմբերի 27-ից սանձազերծված Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է ընդհանուր առմամբ 14 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։