Human Rights Watch-ն արձանագրել է Արցախում արգելված զինատեսակների կիրառության փաստերը

Թեև Ադրբեջանն ամեն օր հայտարարում է իր քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հայկական կողմի հրետակոծության մասին, բայց միջազգային կառույցի ներկայացուցիչներին թույլ չի տվել այցելել իբր տուժած տարածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Human Rights Watch միջազգային կազմակերպությունն արցախյան պատերազմին վերաբերող զեկույց է հրապարակել, որում արձանագրել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառության փաստերը։

«Ադրբեջանը բազմիցս կիրառել է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում,– նշված է Human Rights Watch-ի զեկույցում,– կասետային զինամթերքը երբեք և ոչ մի պարագայում չպետք է օգտագործվի ոչ մեկի կողմից, առավել ևս քաղաքներում»,– նշված է զեկույցում։

Կասետային զինատեսակներ․ ինչո՞ւ են դրանք արգելված

Կազմակերպությունը պատերազմի հետևանքների հետաքննության արդյունքում Արցախի բնակավայրերի նկատմամբ կասետային ռումբերի կիրառման չորս դեպք է արձանագրել Ստեփանակերտում ու Հադրութում։

«Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի կիրառմամբ գնդակոծությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից մոտ 200 մետր հեռավորության վրա»,– ասված է զեկույցում։

Ստեփանակերտցի 69-ամյա կինը դիտորդներին պատմել է, որ առավոտյան ժամը 7:15-ին իրենց շենքը սկսել է ցնցվել, երեխաները սկսել են բղավել, բոլորը խուճապի են մատնվել, երբ սկսել են ռումբերը ընկնել: «Մենք բացեցինք պատուհանները եւ տեսանք, որ մեքենաներն այրվում են, որ այրվող կտորներ են թափվում երկնքից, վազեցինք դեպի նկուղ»,– պատմել է կինը։

Human Rights Watch–ն արձանագրել է նաև նյութական կորուստները` քանդված տներ, այրված ավտոմեքենաներ։

Կազմակերպությունը արձանագրել է, որ հրթիռակոծության հետևանքով վնասվել են նաև մանկական խաղահրապարակները, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային միջոցները, ձեռնարկությունների, Ստեփանակերտի գլխավոր փոստատան և «Ղարաբաղ Տելեկոմի» շենքերը։

Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով. տեսանյութ

Հետաքրքրական է, որ զեկույցում Human Rights Watch-ը նաև մեկնաբանում է, թե ինչու է ներկայացրել միայն հայկական կողմում կատարած դիտարկման արդյունքները։ Պարզվում է` Ադրբեջանը, որ ամեն օր հայտարարում է իր քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հայկական կողմի հրետակոծության մասին, միջազգային կառույցի ներկայացուցիչներին թույլ չի տվել այցելել իր «տուժած» տարածքներ։

«Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով տեղում հետաքննություն անցկացնելու հնարավորություն ապահովել, բայց մինչ օրս նման հնարավորություն չի տրամադրվել»,– ասված է զեկույցում։

Նշենք, որ Human Rights Watch-ի զեկույցը մեկնաբանել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` այն որակելով «արհեստավարժ և օբյեկտիվ» աշխատանք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը