«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին

Sputnik

Ֆրանսիացի լրագրողները շարունակում են լուսաբանել Արցախում ընթացող ռազմական գործողությունները, գրել և ռեպորտաժներ նկարահանել դրա բնակիչների մասին։ France 24 հեռուստաալիքի հերթական ռեպորտաժը Ստեփանակերտից է։

Փողոցներում, այգիներում ու պարտեզներում դատարկություն է։ Բայց, չնայած մշտական ռմբակոծություններին, Ղարաբաղում կան բնակիչներ, որոնք որոշել են մնալ։ Իր ռեպորտաժում այս մասին նշում է լրագրող Թարեք Կայը։ Արևելյան ծագում ունենալով, նա լավ տիրապետում է արաբերենին։ Ստեփանակերտում զրուցակից է գտել՝ լիբանանցի հայ Կառլո Բաբիկյանին, որը մեկն է Մերձավոր Արևելիքց եկած այն «բազմաթիվ» հայերից, որոնք ադրբեջանական ղեկավարության պնդմամբ` բնակվում են Արցախում։ Իրականում այդպիսի մարդիկ այստեղ հատուկենտ են։ France 24-ի լրագրողը նշում է, որ մնացած բոլոր մարդիկ բնիկ ղարաբաղցիներ են։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

«Գիտեք` մենք՝ լիբանանցիներս, պատերազմից չենք վախենում, մենք ռմբակոծությունների տակ ենք մեծացել։ Այնպես որ, մեզ չեն վախեցնի։ Ռմբակոծություններից անմիջապես հետո մենք սկսեցինք մաքրել փլվածքները և ամեն ինչ կարգի բերել»,-ասում է նա։

Լիլիթ Ղազարյանի տունը քանդվել է հրետանակոծություններից։ Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի զոհվել։ Հիմա նա գիշերում է իր ընտանիքին պատկանող մթերային խանութում։

«Բա ի՞նչ անեմ։ Ամուսինս այստեղ է, տղաս այստեղ է։ Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞։ Ո՞վ կմնա, եթե բոլորը գնան»,-ասում է նա։

Վազգենի տունը քանդվել է, բայց դա նրա համար դա ոչինչ է. պատերազմում ազգական է կորցրել։

«Սա մեր հողն է, մերն էլ կմնա, ու մենք ապրելու ենք։ Իսկ որ տունը քանդել են, դա ոչինչ չի նշանակում։ Միայն թե մեր զոհերը․․․»,-ասում է նա, ձեռքը թափ տալիս և հեռանում։

Նշենք, որ արտասահմանցի լրագրողները շարունակում են լուսաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Հիմա նրանք այնքան շատ չեն, որքան պատերազմի առաջին օրերին։ Le Monde-ի թղթակիցների և ռուսաստանցի ռազմական թղթակիցների (ներառյալ Յուրի Կոտենոկի) վիրավորվելուց հետո շատերը մեկնել են։

Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը