COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա

Հիվանդանոցների մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդներին չի բավարարում։ COVID-19-ի ակտիվ վարակակիրների թիվն այս պահին Հայաստանում 21 560 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը կորոնավիրուսի համավարակին վերաբերող տվյալներ է հրապարակել։

«Առավոտվա դրությամբ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվ` 471, ազատ մահճակալների թիվը` 285»,– Facebook-ում գրել է Սիմոնյանը:

Փաստորեն, այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ, հոսպիտալացման իրենց հերթին սպասող, բայց հիվանդանոցներում տեղ չունեցող հիվանդների թիվը Հայաստանում 186 է։

Նշենք, որ մեկ այլ գրառման մեջ էլ Այրվածքաբանության ազգային կենտրոնի ղեկավարը հայտնում է, որ COVID-19-ի ակտիվ վարակակիրների թիվն այս պահի դրությամբ Հայաստանում 21 560 է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2474–ով և դարձել 73 310։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 մարդ (+1969), կատարվել է 368053 թեստավորում (+5760), առողջացել են վարակվածներից 50276–ը (+489)։ Գրանցվել է մահվան 1145 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և դարձել 329։

ՊԵԿ սպասարկման բաժիններից մեկը փակվել է. պատճառը կորոնավիրուսն է