Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են. ո՞ւմ է առաջնահերթություն տրվում

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կատարվում է Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում սկսվել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 2306 դեպք է արձանագրվել

Առաջնահերթությունը կտրվի ռիսկային խմբերին` հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

Նախարարությունը հիշեցնում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում կորոնավիրուսից (COVID-19) կամ սուր շնչառական այլ վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն կորոնավիրուսի և սեզոնային գրիպի ռիսկային խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները: Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում կատարվում է կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում:

Հայաստանում մեկ օրում 10 մարդ է մահացել կորոնավիրուսից