ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության թվերի կտրուկ աճ է նկատվում։ Ամեն օր դեպքերը գրեթե 500–ով ավելի են, քան նախորդ օրը։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը, նշելով, որ սա բոլորիս անհատական վարքագծի հետևանքն է։
«Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոպալսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու»,- նշեց Պարոնյանը՝ հավելելով, որ անընդհատ ռեսուրսներն ավելացվում են, բայց դրանք անսահմանափակ չեն։
Այս պահին հայաստանյան հիվանդանոցներում շուրջ 2000 կորոնավիրուսով հիվանդ կա, բայց նաև բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդիկ հոսպիտալացման կարիք ունեն, սակայն սպասում են, որ այս կամ այն հիվանդանոցում տեղ բացվի, որպեսզի հնարավոր լինի հոսպիտալացումը։
«Սա ինչի՞ հետևանք է։ Պատերազմական իրավիճակում, երբ բոլորիս սիրտն ու ուղեղը ռազմաճակատի կողմում են, կորոնավիրուսը երկրորդ պլան էր մղվել, և մենք մեր վարքագծով հասանաք այս վիճակին»,- նշեց Պարոնյանը՝ հավելելով, որ թվերի աննախադեպ աճը շարունակվում է։
Նա հիշեցրեց՝ առողջապահական ռեսուրսները հիմա անհրաժեշտ են մեր զինվորին, ուստի պետք է հետևենք կանոններին՝ առողջապահական համակարգը կաթվածահար չանելու համար։
Ռազմաճակատ մեկնելուց առաջ համատարած թեստավորում անելը, ըստ ԱՆ ներկայացուցչի, դժվար է, քանի որ հաճախ չգիտես, թե ով երբ է մեկնում։
Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 20 մարդ է մահացել, նրանց թվում նաև 16–ամյա աղջիկ կա
Հիշեցնեք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում Հայաստանում ավելացել է 2306–ով և դարձել 70836։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 մարդ, կատարվել է 362293 թեստավորում (+5189), առողջացել են վարակվածներից 49787 (+568)։ Գրանցվել է մահվան 1131 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 327 (+6) է։
Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին