Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հայ կամավորները կրկին Արցախ են եկել` հերթական անգամ հակահարված տալու ադրբեջանական ԶՈւ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik.Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Արցախում պատերազմը լուսաբանելիս հանդիպեց կամավորական մի ջոկատի, որը բավական լուրջ պատմություն ու բազմազգ կազմ ունի։

Ջոկատը ստեղծվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ` 1992 թվականին, ի սկզբանե ձևավորվել է Էջմիածնի և Կիրովականի մերձակա գյուղերի բնակիչներից։

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Ինչպես պատմում է նրանցից մեկը` Գալուստը (որ արդեն հասցրել է Արցախի հարավում վիրավորվել), 1992 թվականին, երբ դեռ չէին հասցրել նորմալ ծանոթանալ իրար հետ, նրանց երեք պահեստանոցներով (որոնցից երկուսը` դատարկ) մեկական ինքնաձիգ և չորահացով երկու տոպրակ տվեցին։ Մոտ 20 հոգանոց խումբն այդ «հարստությամբ» մեկնեց առաջնագիծ` Մարտակերտ` բոլորովին ծանոթ չլինելով տեղանքին։

 «Բայց մեկ ամիս անց մենք արդեն տանկեր, «Շիլկա», «Գրադ», ԲՄՊ ու կապի մեքենա ունեինք», – պատմում է Գալուստը։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Ավելի ուշ նրանց սիրիահայ կամավորներ են միանում։ Նրանցից մեկը` «սիրիացի» Հակոբը, հետագայում հաստատվեց Արցախում։

«Էկա ստեղ ու արդեն 28 տարի է` ղարաբաղցիների պլենում եմ», – կատակում է Հակոբը։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Նրա ուսը վիրավորվելուց  հետո «շուռուպներով» են հավաքել։ Բացի այդ նրա համար խիստ թանկ են սեփական բեղերը։ Գալուստը հիշում է, որ մի օր Հակոբը եկավ վարսավիրանոց սափրվելու ու սափրվելուց առաջ սեղանին ցուցադրաբար դրեց ատրճանակը` վարսավիրին նախազգուշացնելով, որ բեղերին ձեռք չտա։

Դեկտեմբերի 31-ին ստիպված էին ուրիշ կամավոր գտնել, որը չվախեցավ նրան սափրել։ Գալուստին այնուամենայնիվ թույլատրվում էր դիպչել Հակոբի բեղերին։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Մինչև 1992 թվականի դեկտեմբերը ջոկատն Արցախում էր։ Այդ ընթացքում ձևավորվեց կանոնավոր բանակը, և կամավորական ջոկատների անհրաժեշտություն այլևս չկար։ Տղաները չցանկացան որևէ կառույցի մաս կազմել, վերադարձան, բայց շարունակեցին օգնել բանակին։

Ջոկատը կրկին հավաքվեց 2016 թվականի ապրիլին, ակտիվ մասնակցություն ունեցավ Մարտակերտի մարտերին։ Այն ժամանակ նրանք Արցախում մոտ երեք ամիս անցկացրին։ Ներկայիս պատերազմը նրանց համար արդեն երրորդն է։

«Տարիքներս արդեն այն չէ, սպիտակել ենք, բայց գնդացրից կրակելու ուժ ունենք։ Մինչև այս պատերազմը չավարտվի, քանի ողջ ենք, այստեղից չենք հեռանա», – ասում է մյուս կամավորը` Գարիկը։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Նա պատմում է, որ Ադրբեջանի կազմում կռվող առաջին չեչեն զինյալին 90-ականներին գերի էր վերցրել հենց իրենց ջոկատը։

Հարցին, թե ինչպես մարտական ընկերները կրկին որոշեցին հավաքվել, պատասխանում է, որ ամեն անգամ Արցախում պատերազմի վերսկսումից նրանց «արյունն ուղղակի եռում է»։ Առանց պայմանավորվածության, բոլորը մի մարդու պես, գալիս են այստեղ։ Նրանց շուտով կմիանան նաև իսպանահայեր, որոնք թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, կրկին գալիս են հայրենիք համար կռվելու։

Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել

Միևնույն ժամանակ Գարիկն ավելացնում է` այս պատերազմում ամեն ինչ այլ է։ Հայերը միայն ադրբեջանցիների դեմ չեն կռվում` այստեղ են Թուրքիան ու տարբեր ազգության զինյալ վարձկանները։

Գալուստը, որ Մոսկվայից է ժամանել, մեր զրույցի ընթացում ռուսերենով ջոկատի մեկ այլ անդամի է կանչում` սլավոնական արտաքինով ալեհեր մի տղամարդու։ Սերգեյն է կամ «Կյաժը», ինչպես նրան անվանում են, նրա դեմքն անվտանգության նկատառումներից ելնելով ցույց չենք տալիս։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Նա Արցախ է ժամանել Բելառուսից` 1992 թվականին հեռուստացույցով հակամարտության մասին հաղորդումը լսելուց հետո։

«Հեռուստացույցով դիտում էի` փոքր Արցախ և մեծ Ադրբեջան` ուկրաինացի վարձկաններ։ Որոշեցի գալ, չէ՞ որ դիպուկահար եմ։ Եկա զուտ մարդկային զգացմունքներից ելնելով», – ասում է Սերգեյը։

Սահմանից սահման. Բերդում կամավորական ջոկատներ են կազմում

Առաջին պատերազմի ժամանակ ազատագրում էր Շուշին, Լաչինը։ Իսկ ջոկատում հայտնվեց այն ժամանակ, երբ կամավորները եկան տեսնելու ռուս դիպուկահարին։

Հարցին` հայկական արմատներ ունի՞, Սերգեյը պատասխանում է` ունեմ։ Գալուստն էլ ավելացնում` դա հնդկական կինո է։

Սերգեյը միայն 2015 թվականին է պարզել, որ իր կենսաբանական հայրը հայ է։ Նրա հայրն ու մայրը բաժանվել էին դեռ իր ծնվելուց առաջ։ Դրանից հետո մայրն ամուսնացել է բելառուսի հետ, իսկ այդ մասին Սերգեյին պատմել էր միայն մահանալուց առաջ։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Մարտիկները հիշում են, թե ինչպես մի օր Հակոբին ու Սերգեյին դիտմամբ իրար հետ հերթապահության նշանակեցին. մեկն ընդհանրապես ռուսերեն չգիտի, մյուսը` հայերեն։ Մի կերպ կարողացան ելք գտնել իրավիճակից` «խոսում էին» աչքերով։

Ջոկատի անդամները ծանոթության առաջին իսկ պահից անխնա ծաղրում են միմյանց։ Հիմա էլ են կատակում, անպարկեշտ անեկդոտներ պատմում, առաջին պատերազմի տարիների պատմությունները հիշում...

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Քանի դեռ ջոկատի մի մասն առաջնագծում է, տարբեր երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Իսպանիա և այլն) հայերը շարունակում են Արցախ գալ։ Կամավորներն արդեն հասցրել են կռվել տարբեր շրջաններում, ոմանք թեթև վնասվածքներ են ստացել, բայց շուտով կրկին առաջնագիծ կվերադառնան։

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Ջոկատը հպարտանում է, որ չնայած արյունալի մարտերին, իրենց շարքերը դեռ չեն նոսրացել, կորուստներ չեն ունեցել։

Հոդվածի նախապատրաստման ու թողարկման  ընթացքում մեր զրուցակիցները կրկին առաջնագիծ են մեկնել։