Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտի զորքեր ուղարկելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN Turk հեռուստաալիքին։

«Պատերազմի առաջին օրվանից մեր նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Թուրքիան չի երկմտի (զորք ուղարկելու հարցում – խմբ.), մեր նախագահը` առավել ևս», – հայտարարել է Օքթայը։

ՆԱՏՕ-ն կանաչ լո՞ւյս է վառել Թուրքիայի համար. ՀՀ նախագահի հարցազրույցը Politico-ին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավվածության վերաբերյալ։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս և բացահայտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի աջակցմամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը