Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում՝ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չեն համընկնում:

Նա խոսել է նաև հակամարտության ակունքների մասին։ Նախագահը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում` հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ:

«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և երկուսի հետ էլ ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել: Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը թույլ կտա ունենալ երկու կողմերի վստահությունը: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որքան Ռուսաստանը»,- հավելել է Պուտինը:

Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա

Նա նշել է, որ շատ կցանկանար փոխզիջում գտնել Ղարաբաղի հարցում: ՌԴ նախագահի խոսքով՝  ինքն օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր տեղեկություններով՝ հակամարտության ներկայիս սրացման սկզբից ի վեր Ղարաբաղում ընդհանուր առմամբ զոհվել է գրեթե 5000 մարդ»,- հավելել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։