«Այլ ելք չկա», Մոսկվան կշարունակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ ուղիներ չեն տեսնում, բացի դիվանագիտական ճանապարհից։

Պեսկովն ասել է` Ղարաբաղյան հակամարտության մեջ երբ է հնարավոր 3–րդ կողմի մասնակցությունը

«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունի մեջ դնի։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,– շեշտել է նա։

Պեսկովի խոսքով ՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Այլ ելք չկա», - ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Կողմերը պայմանավորվել էին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։