Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում

Զինվորների համար ինչ-որ բան անելու գաղափարը միավորեց հաշվապահ, արվեստագետ ու մանկավարժ քույրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը իր արվեստանոցը արհեստանոցի է վերածել: Նկարչուհին իր քույրերի հետ զինվորների համար բարձեր ու վիրակապեր է կարում:

Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում

Որպես հումք օգտագործում են ձեռքի տակ եղած գործվածքներն ու բուրդը՝ չխնայելով նույնիսկ ներքնակներն ու սպիտակեղենը: «Երբ մեր ջահել-ջիվան տղերքն իրենց կյանքի գնով սահման են պահում, մենք մտածեցինք, որ այդպես նստելով բան դուրս չի գա ու որոշեցինք ինչ-որ բան անել. գլխումս միտք ծագեց՝ հիվանդանոցների համար բարձեր կարել: Ես սկսեցի, քույրիկներս տեսան ու միացան: Մեր ընկերները մեր արածով ոգևորվել են, ճիշտ է, իրենք չեն կարում, բայց օգնում են նյութերով»,-պատմում է տիկին Սուսաննան:

Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում

Հենց այսպես զինվորների համար ինչ-որ բան անելու գաղափարը միավորեց հաշվապահ, արվեստագետ ու մանկավարժ քույրերին: «Օգտագործում ենք ինչ ունենք՝ առանց ափսոսալու ու մտածելու: Հիմա ամենակարևորը ջահելներն են ու նրանց կյանքը»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը:

Կանայք 50 բարձ արդեն կարել են, ևս 50-ը շուտով կավարտեն: Պատրաստում են նաև անկողնային պարագաներ ու վիրակապեր և փոխանցում հիվանդանոցներին։

Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում

Sputnik Արմենիայի հարցին, թե պատերազմական այս օրերին նկարչուհին կարողանո՞ւմ է ստեղծագործել, տիկին Սուսաննան պատասխանեց. «Վրձին չեմ վերցրել, չկարողացա, չի ստացվում: Կիսատ աշխատանք ունեմ, որն ուզում էի ավարտել, չի ստացվում, հնարավոր չէ՝ կտավները դրած, ներկերս չորանում են: Ստեղծագործելու համար մարդու խիղճը հանգիստ պետք է լինի: Իմ արվեստանոցն է, հարկ եղած դեպքում և՛ արհեստանոց է, և՛ Արցախից եկած ընտանիքի կարող է հյուրընկալել»,-ասում է արվեստագետն ու շարունակում է քույրերի հետ աշխատանքը՝ առանց մի րոպե իսկ կտրվեու։

Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում

Կանանց ցանկությունը միայն մեկն է, որ իրենց բարձերն ու վիրակապերն այլևս պետք չգան։ Տիկին Սուսաննան էլ հույս է հայտնում, որ շատ շուտով արհեստանոց դարձած արվեստանոցում կրկին կտավներ կծնվեն: