«Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ եղել». Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ չի ընդունում 13 կուսակցությունների միասնական կոչը և ասաց, որ այսօր բոլորը պետք է միասնական լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Նրան դիմավորում էին կուսակից ընկերներն ու հարազատները։

Հավաքված լրագրողների` Ձեր կապերն օգտագործելու եք Արցախի խնդրի լուծման համար հարցին, նա պատասխանեց, որ ոչ մեկ թող չկասկածի, միշտ արել է, անում է, անելու է։

Արման Թաթոյանն այցելել է Գագիկ Ծառուկյանին

«Մեկուսարանից էլ փորձել եմ իմ կողմնակիցների միջոցով  մարդկանց տեղավորել, գումար փոխանցել, Արցախի նախագահի հետ եմ կապի մեջ եղել։ Էսօր սաղս էլ մի ազգ ենք, բոլորիս հիմնական խնդիրը, որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի սոցիալական վիճակը լավանա»,–ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով 13 կուսակցությունների կոչին` Ծառուկյանն ասաց, որ չի ընդունում դա, որ այսօր բոլորը մի մարդու պես պետք է լինեն, հիմա միակ խնդիրը այս վիճակից դուրս գալու մեջ է։

Նա խոստացավ նաև օգտակար լինել նաև կամավորների հավաքագրման կազմակերպման հարցում։

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Եթե մարդկանց հարցնեն` ուզո՞ւմ են Ծառուկյանն ազատվի, 99 տոկոսը դրական պատասխան կտա. պաշտպան

Պաշտպանների ներկայացրած միջնորդությունը բավարարվեց։ Ծառուկյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք` նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար։ Ծառուկյանին կալանավորել էին սեպտեմբերի 25-ին: