Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը

Ադրբեջանի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հրավեր դեռ չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանում հանդիպելու հնարավորությունը:

Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվա այցելելու հրավեր դեռ չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

«Ես նախագահ Պուտինի հրավերով բազմաթիվ անգամ եմ այցելել Մոսկվա։ Նույնիսկ տարին մի քանի անգամ: Այնպես որ այդ բարձր մակարդակի շփումները սովորական երևույթ են գործընկեր երկրների և հարևանների միջև։ Նախագահ Պուտինն էլ է բազմաթիվ անգամ այցելել Ադրբեջան», - ավելացրել է Ալիևը։

Խոսելով եռակողմ հանդիպման մասին՝ նա ասել է, որ շատ բան կախված է օրակարգից։ Ալիևը կրկնել է իր թեզը՝ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման մեջ։

Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան

Ալիևը դեմ չէ, որ Ղարաբաղում դիտորդներ և խաղաղապահներ լինեն, բայց Բաքուն իր պայմաններն է ներկայացնելու։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Կողմերը պայմանավորվել էին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում։ Նրանք այդ մասին ասել էին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։