Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար

Կանադական իշխանությունները կրկին կոչ են անում երրորդ ուժերին չմիջամտել Ղարաբաղյան հակամարտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Կանադայի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 350 հազար դոլար են փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը։

Նախարարն ընդգծել է՝ Կանադան կրկին կոչ է անում երրորդ ուժերին չմիջամտել Ղարաբաղյան հակամարտությանը, իսկ կողմերին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմն ու ստեղծել վերիֆիկացիոն մեխանիզմներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Նա նաև տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։