Մեզ` կոնֆետ, թուրքերին` Bayraktar-ի շարժիչ. սպառողները բոյկոտում են ուկրաինական ապրանքները

Սոցիալական կայքերում քաղաքացիները կոչ են անում որևէ ապրանք գնելիս ընտրել դրա հայկական տարբերակը` խուսափելով ոչ միայն թուրքական, այլև ուկրաինական արտադրության ապրանքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական արտադրության ապրանքների ներկրումն արգելելու` կառավարության որոշումից հետո Հայաստանի սպառողների շրջանում բոյկոտի նոր ալիք է բարձրացել` ուկրաինական արտադրության ապրանքների դեմ։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Սոցիալական կայքերում քաղաքացիները կոչ են անում, որևէ ապրանք գնելիս, ընտրել դրա հայկական տարբերակը`խուսափելով թուրքական ու ուկրաինական արտադրության ապրանքներից։

Facebook-ում ակտիվորեն տարածվում է «Մի գնեք Ուկրաինական ապրանք» ակցիան, որի մասնակիցները գրում են. «Դրանով դուք զինում եք թուրքերին։ Թուրքական անօդաչու թռչող սարքերի` Bayraktar-ի շարժիչները արտադրվում են Ուկրաինայում։ 

Միաժամանակ տարածվում են նաև տեղեկատվական նյութեր, որտեղ հանրամատչելի կերպով ներկայացված են հայաստանյան շուկայում ամենավաճառվող ուկրաինական արտադրության ապրանքներն ու ապրանքանիշները։

Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ

Ի տարբերություն թուրքական ապրանքների դեմ 3 շաբաթ առաջ ծավալված ակցիայի, ուկրաինական ապրանքների բոյկոտին հայաստանյան խոշոր սուպերմարկետներն առայժմ չեն միացել։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` ասացին առևտրի խոշոր ցանցերից։

Մենք նաև փորձեցինք ճշտել այս հարցի վերաբերյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեսակետը։ Այստեղ, սակայն, հրաժարվեցին մեկնաբանել, թե հնարավո՞ր է արդյոք, որ կառավարությունը որոշի նաև ուկրաինական ապրանքների ներկրումն արգելել։

Փոխարենը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ի տարբերություն թուրքականի, ուկրաինական արտադրության ապրանքների դեմ պայքարի դեպքում պետական մակարդակի միջամտության կարիք չի զգացվում։

«Ուկրաինական պրանքների ներկրումը եթե անգամ չսահմանափակենք, միայն բոյկոտով հանգիստ կարող ենք այս հարցը լուծել»,– ասաց նա։

Պիպոյանի խոսքով` Ուկրաինայից ներկրվում են հիմնականում պարենային ապրանքներ, որոնց փոխարինումը թե՛ տեղական, ու թե՛ այլ երկրներից ներկրվող ապրանքներով շատ ավելի սահուն կերպով հնարավոր կլինի իրականացնել։

Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Բայց այս հարցում Պիպոյանը կարևորում է սպառողների տեղեկացվածության աստիճանը։

«Եթե դիտարկենք կոնֆետների օրինակով, հայկական կոնֆետները շատ ավելի որակով են, շատ ավելի թարմ են, քան ուկրաինականը։ Բայց շատ դեպքերում գնի և երկար տարիների գովազդի հաշվին այդ ուկրաինական ապրանքներն արդեն հայտնվել են շուկայում ու դարձել են մրցունակ»,– ասում է նա։

Բաբկեն Պիպոյանի խոսքով` անգամ եթե մենք տեղական արտադրանքի ծավալով ուկրաինական որևէ ապրանքի պահանջարկը չկարողանանք բավարարել, պետք է հասկանանք, որ համարժեք ապրանքներ կարող ենք ներկրել նաև այլ երկրներից։

«Օրինակ` ԵԱՏՄ երկրներից վերջին տարիներին մեծ ծավալով ապրանքներ են ներկրվել Հայաստան, որոնք հենց ուկրաինականի տեղն են գրավել»,– ասաց Պիպոյանը։

Խոցված թուրքական ԱԹՍ-ի տեսախցիկն արտադրվել է Կանադայում. մանրամասներ

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում էր ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Թուրքիայի ներգրավվածությունը լուրջ սպառնալիք է. Սարգսյանը և Բորելը խոսել են Ղարաբաղի մասին

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժոգհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի` կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։

Ով և ինչ է փորձում շահել կամ չկորցնել Հարավային Կովկասում. պատերազմը պատռեց դիմակները

Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում են hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված այլ նյութեր։

Ընդհանուր առմամբ, 2019թ–ի ընթացքում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել է 62 144 400 դրամի ապրանք, 2020թ–ի առաջին կիսամյակում` 57 299 300 դրամի։

Ներկրվող ապրանքներում գերակշռում են ընտանի կենդանիներն ու թռչունները, կենդանու, թռչնի ու ձկան սառեցված միսը, ձուն, կաթնամթերքը, բուսական յուղը։ Ներկրվում է նաև տանձ, խնձոր, սերկևիլ, ընկույզ, չիր, սուրճ, թեյ, ինչպես նաև հացահատիկ, ձավարեղեն, արևածաղիկ, սերմեր։
Ներկրվում է անգամ պատրաստի հաց ու հացամթերք։

Ներկրվող ապրանքներում կայուն տեղ ունեն նաև շաքարն ու քաղցրավենիքը, պահածոյացված բանջարեղենը, հյութերը ու խմիչքները (գինի, օղի)։ Ներկրվում է նաև էթիլ սպիրտ, կենդանու կեր, սիգար։ Նրկրվող ապրանքներում մեծ է նաև շինանյութերի ծավալը` գրանիտ, բազալտ, ավազ, ապակի։ Բերվում է նաև արյուն, պատվաստանյութեր, դեղագործական ապրանքներ, ինչպես նաև ներկ, թանաք, թուղթ, պարարտանյութեր ու թունաքիմիկատներ, կահույք և այլն։