ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ամբողջ աշխարհով հաքերային և ապակայունացնող գործողությունների վերաբերյալ ՌԴ քաղաքացիներին ուղղված ԱՄՆ մեղադրանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ամերիկյան արդարադատության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն 6 ռուսաստանցիների նկատմամբ մեղադրանք էին առաջադրել` այլ երկրների ենթակառուցվածքների վրա հարձակում գործելու նպատակով մի շարք հաքերային հարձակումներին և վնասաբեր ծրագրերի տարածմանն առնչություն ունենալու համար։ Մասնավորապես, նրանց մեղադրում են 2017 թվականին NotPetya վիրուսի տարածման մեջ։ Պնդում են, որ այդ անձինք Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներ են, որոնք այդ թվում նաև կիբերհարձակումներ են կազմակերպել Հարավային Կորեայի Օլիմպիադայի վրա։ Գրեթե միաժամանակ Մեծ Բրիտանիայում հայտարարել էին, որ ռուսական հետախուզությունը կիբերհարձակում էր ծրագրել նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչների վրա` մինչ խաղերի հետաձգումը։
«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ
Դեսպանատան աշխատակցի խոսքով` ակնհայտ է, որ նման տեղեկատվական առիթները ոչ մի կապ չունեն իրականության հետ և միտված են ամերիկյան հասարակության մեջ ռուսատյաց տրամադրություններ հրահրելուն, «վհուկների որսի» ու լրտեսական մոլուցքի տարածմանը։
«Այդ ամենն արդեն մի քանի տարի է՝ Վաշինգտոնի քաղաքական կյանքի առանձնահատկությունն է։ ԱՄՆ իշխանությունները հետևողականորեն քայքայում են երբեմնի ռուս–ամերիկյան պրագմատիկ հարաբերությունները և արհեստականորեն սեփական բնակչության վզին են փաթաթում Ռուսաստանի ու նրա հետ կապված ամեն ինչի թունոտ ընկալումը», – ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը` ամբողջ աշխարհով «ապակայունացնող գործողություններով» զբաղվելու մտադրություն չի ունեցել և չունի։
«Դա համահունչ չէ մեր արտաքին քաղաքականության, ազգային շահերի, ինչպես նաև մեր այն ընկալման հետ, թե ինչպես են կառուցվում հարաբերությունները պետությունների միջև։ Ռուսաստանը հարգում է այլ երկրների ինքնիշխանությունը և չի միջամտում նրանց գործերին», – հավելել է նա։
ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները` տարբեր հարձակումներին, այդ թվում` Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի կազմակերպիչների դեմ ռուսաստանցի հաքերների առնչություն ունենալու վերաբերյալ, ապացույց չունեն և ուղղված են ներքին լսարանին։