ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան դադարեցնի ներգրավվածությունը։
«Կա երրորդ կողմ, որն աջակցում է Ադրբեջանին դիվանագիտական ու ռազմական ուղղությամբ, մասնակցում է մարտական գործողություններին, տարածաշրջան է տեղափոխում ահաբեկիչներին։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ–ի անդամ է»,– ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը հայտարարել է, որ եթե Թուրքիան գիտակցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, դադարեցնի իր ներգրավվածությունը, կողմերը կկարողանան հասնել կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և կնստեն բանակցային սեղանի շուրջ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանումն ու հայտարարել` ՆԱՏՕ–ն Ղարաբաղյան հակամարտության կողմ չէ։
«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը ՆԱՏՕ–ի համար կարևոր գործընկերներ են։ Դաշինքին խորապես մտահոգում է կրակի դադարեցման ռեժիմի երկարատև խախտումը, ինչը մարդկային կորուստների է հանգեցնում»,– ասել է նա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ–ի և միջազգային հանրության համար կարևոր է, որ մարտական գործողություները դադարեն ու խաղաղ լուծում գտնվի։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը