ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը բժիշկների պահանջով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում էր Արցախում: Սակայն երեկ երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և բժիշկների պահանջով շտապ տեղափոխվել է հայաստանյան հիվանդանոցներից մեկը։ Գրիգորյանը չէր ցանկանում հիվանդանոց տեղափոխվել և ուզում էր մնալ Արցախում, սակայն բժիշկները պահանջել են, որ նա տեղափոխվի։»,–ասաց Բաղդասարյանը։
Պաշտպանի խոսքով` Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է։ Բաղդասարյանը նշեց` ոտքի կանգնելուն պես նա նորից Արցախ է մեկնելու։
Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: