ՌԱԴԻՈ

Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական հանրապետությունում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժություններին և այն հարցին, թե ինչու են դրանք անցկացվում հենց այս պահին։
Sputnik
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

Գարիկ Միսակյանի դիտարկմամբ`զորավարժություններն հիմա անցկացնելու հանգամանքը կարող է ունենալ մի քանի շարժառիթ։ Առաջինը բնականաբար Արցախում սկսված պատերազմն է, որի ընթացքում որոշակիորեն վտանգվեցին Իրանի հյուսիսային սահմանները, իսրայելական արտադրության մի քանի ԱԹՍ–ներ հատեցին սահմանն ու խոցվեցին հարևան երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

«Այդ անօդաչու սարքերն Իրանի համար վտանգ են ներկայացնում այն առումով, որ արտադրված լինելով Իսրայելում, կատարում են նաև հետախուզություն, իրականացնում լրտեսական առաքելություն։ Գաղտնիք չէ, որ Իսրայելն Իրանի թիվ մեկ թշնամին է, ու փորձ է արվել ստուգել Իրանի ՀՕՊ հնարավորությունները»,–նշում է իրանագետը։

Ինչ դեր կարող է ունենալ Իրանն Արցախի հարցում. Փաշինյանի հարցազրույցը IRNA գործակալությանը

Գարիկ Միսակյանի կարծիքով` զորավարժությունների երկրորդ շարժառիթը կարող է լինել Իրանի նկատմամբ սպառազինություն գնելու և վաճառելու արգելքների չեղարկումը, ինչն էլ հնարավորություն է տալիս Իրանին պոտենցիալ գնորդներին ու դաշնակիցներին ցուցադրել սեփական արտադրության զինատեսակները` մասնավորապես փորձարկելով ՀՕՊ–ի համար նախատեսված սպառազինությունը։

«Մյուս շարժառիթը պարզապես Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակության բարձրացումն է, այդ երկրի ընդհանուր սահմանների պաշտպանության մակարդակի բարելավումը»,– նշում է իրանագետը։

Գարիկ Միսակյանի խոսքով` զորավարժությունների տարածականությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Իրանը ցանկանում է այդ կերպ ստուգել իր հյուսիսային, արևմտյան և հարավ–արևմտյան սահմանների պաշտպանության մակարդակը։ Արաբական և Ծոցի երկրների ու Իսրայելի հարաբերությունների կարգավորումից հետո մեծացել է Իրանին ուղղված իսրայելական սպառնալիքը, այդ պատճառով էլ զորավարժություններն ընդգրկում են նաև նշված շրջանները։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման շուրջ պաշտոնական Թեհրանից հնչող հայտարարություններին` Գարիկ Միսակյանն ընդգծում է, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ որևէ կողմի սթափության կոչերին լուրջ չի վերաբերվում, բացի «կրակի վրա յուղ լցնելու»` Թուրքիայի կոչերից։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

«Հայկական զորքերի հաջողության դեպքում, ինչն անխուսափելի է, ադրբեջանական կողմը ստիպված կլինի լսել բոլոր երկրների սթափության կոչերը։ Ճիշտ է, վարձկան ահաբեկիչների հետ ներկա պահին կռվում է մեր բանակը, սակայն նրանք միանշանակ սպառնալիք են նաև Իրանի համար, ուստի կարևոր է, որ հարևան երկիրն իր զսպողական քայլերն ավելի ակտիվացնի ու խստացնի իր դիրքորոշումը»,– նշում է իրանագետը։

Գարիկ Միսակյանի գնահատմամբ` Ադրբեջանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած ռուսական կասպյան զորավարժությունները և ընթացող իրանական զորավարժություններն անշուշտ կարող են զսպող ազդակ լինել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի վերջինիս կողմից կոնֆլիկտը տարածաշրջանային հակամարտության վերածելու քայլեր չարվեն։         

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ

«Երկնքի պաշտպաններ – 99» անվանումով զորավարժությունները, ինչպես նախօրեին հաղորդել էր իրանցի զորահրամանատար, բրիգադի գեներալ Կադեր Ռահիմզադեն, կընդգրկեն երկրի տարածքի կեսից ավելին: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է գործի դնել հակաօդային պաշտպանության և իրանական արտադրության դիտարկման միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիացիա, այդ թվում ՝ որսացող ինքնաթիռներ: