ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, կարող է դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,–ասել է Փաշինյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է:
Պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի`ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան, ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են:
«Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա: Այսինքն՝ նրանք ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետն հիշեցրել է, որ արդեն իսկ միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա, ըստ Փաշինյանի, լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Ահաբեկիչների ներգրավվածությունը նաև վկայում է, որ պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա Արցախն այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ է գտնվում, որը սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Հարցն այն է, որ Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս և հարավ -արևելք, ուստի այս ամենն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները, ինչպես նկատել է Փաշինյանը, պետք է նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումն այս կապակցությամբ:
Գործակալությունը Փաշինյանին հարց է ուղղել նաև մարտական գործողությունների հետևանքով Իրանի տարածք ընկած ականների, ինչպես նաև Իրանի օդային տարածք մուտք գործած ԱԹՍ–ների առնչությամբ` հետաքրքրվելով, թե խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունի: Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, ապա այդ կապակցությամբ շատ ցավում է:
«Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի»,–ասել է վարչապետը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը