«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում. ինչ նպատակ է այն հետապնդում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում նոր շարժում է մեկնարկելու, որը կրելու է «50+» անվանումը։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«50–ը պայմանական թիվ է։ Սկզբունքը հետևյալն է` 50 + 50 +50 և այսպես շարունակ»,– ասաց տնօրենը։

Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նրա խոսքով` այս նոր շարժումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–սփյուռք հարաբերությունները, և համահայկական միջոցների կայուն ներհոսք ապահովել Հայաստան և Արցախ։

Նոր համակարգը թույլ է տալու նվիրատուներին գրանցվել հիմնադրամի կայքում ու ամեն ամիս որոշակի կայուն գումար փոխանցել։

«Ուղղակի պատկերացրեք, որ եթե այս շարժմանը միանա, օրինակ, 1 մլն մարդ, ու ամեն ամիս յուրաքանչյուրը, օրինակ, 50 դոլար փոխանցի, ապա ամեն ամիս հիմնադրամը կայուն 50 մլն դոլար գումար կունենա»,– ասաց Արշամյանը։

Խոսելով հիմնադրամին արդեն փոխանցված միջոցների մասին` Արշամյանը նաև հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված միջոցներն օգտագործվում են հումանիտար օգնությունների նպատակով, գործընթացը վերահսկվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների կողմից։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

«Ուզում եմ ասել, որ ռազմական դրությամբ պայմանավորված`թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելն ընդունելի չէ և կարող է վնասել ընդհանուր գործին»,– ասաց նա` խոստանալով հիմնադրամի ծախսերի մասին ամբողջական հաշվետվությունը հրապարակել պատերազմի ավարտից հետո։

Ավարտելով ելույթը` հիմնադրամի տնօրենը հայտնեց, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն անցկացվելու է նոյեմբերի 26-ին։

Նարինե Աբգարյանն իր նոր գրքի համար ստացած կանխավճարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Նշենք, որ պատերազմի առաջին օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք սկսեց` ի նպաստ Արցախի։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և ոչ միայն նրանք։ Հոկտեմբերի 21–ի դրությամբ հավաքվել էր 137 միլիոն դրամից ավելի գումար։