ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նա այդ թեմայով գրել է Twitter-ի իր էջում։
«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցնել։ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կրկին խոր մտահոգություն եմ հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ։ Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց որևէ նախապայմանի»,-նշել է նա։
Շառլ Միշելն ընդգծել է նաև, որ անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնում են` Արմեն Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։
«Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի նախագահը մեկնել է Բրյուսել։ Այցի ընթացքում նախատեսվում են Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու Սարգսյանի նախաձեռնությամբ։ Հայաստանի նախագահը եվրոպական կառույցների ղեկավարների հետ նախատեսում է քննարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցերը։ Նա նաև ներկայացնելու է ՀՀ սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը