ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նիստում քննարկում է ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները ներելու հարցը։
«Թիկունքն ամուր կպահեք». ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է առաջնագիծ
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ է մշակվել։
«Նախագծով առաջարկվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներեն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները»,–ասաց Պողոսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ հարցի առնչությամբ արդեն իսկ զրուցել են Բանկերի միության, Կենտրոնական բանկի հետ, և բոլորը պատրաստ են էլ ավելի ընդլայնել այս փաթեթը։ Սակայն հարցն այն է, որ բանկերի մոտ անհրաժեշտ փաստաթղթերի առումով հարց է առաջացել։ Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ պահանջվող փաստաթղթերի ցանկը թողել են բանկերի հայեցողությանը։
Բացի այդ, ԱԺ–ն քննարկում է նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» նախագիծը։
Պողոսյանը հայտնեց, որ նախագծով սահմանվում է կազմակերպիչների և անհատների կողմից ԵԱՏՄ երկրներից ներմուծվող և պետությանը հումանիտար կարգով փոխանցվող ապրանքների շղթայում հարկային պարտավորությունները հանելը։ Այս միջոցով, ըստ փոխնախարարի, ներմուծման գործընթացը կլինի հեշտ և օպերատիվ։
Պողոսյանը հայտնեց, որ հարկերից ազատվում են, եթե Հայաստան են ներմուծում կառավարության կողմից սահմանված ապրանքատեսակները և դրանք փոխանցում երեք գերատեսչությունների` պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին:
Նախագծերը մշակել են ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշենք, որ այսօր նախատեսված են նախագծերի առաջին և երկրորդ ընթերցումները։
ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ռազմական դրության ժամանակ հարկային արտոնության հարցը