ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում անիմաստ է։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` հայկական կողմը բազմիցս ասել է, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունի։
Իսկ սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ–որ բան նվազեցնել` հանուն լուծման, բնականաբար, դիմացինն էլ պետք է նույնն անի։ Վարչապետի խոսքով, սակայն, պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է ադրբեջանական համար։ Սա ցույց է տալիս, որ այս փուլում դիվանագիտական ճանապարհով արցախյան հիմնահարցը լուծում չունի։
Իսկ թե երբ կարող է նման լուծման կարիք առաջանալ, Փաշինյանը խոստացավ հետո խոսել այդ մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը