Արայիկ Հարությունյանը երիտասարդներին կոչ է արել կամավորական խմբեր ձևավորել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային քննարկման ժամանակ ասել է, որ յուրաքանչյուր արցախցի պետք է զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը կզբաղվի ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների սոցիալական խնդիրներով։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, կառույցն աշխատանքային խմբեր կունենա ՀՀ մարզերում:

Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. Փաշինյանը` Ադրբեջանի վախերի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկման ժամանակ կոչ է արել երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար։

«Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը»,– ասել է Հարությունյանը։

Արցախի նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:

Անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին՝ ԱՀ նախագահը նշել է, որ պաշտպանության բանակն աշխարհազորի հետ շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

«Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին` օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- շեշտել է նախագահ Հարությունյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը