Առանց Արցախի չկա Հայաստան. Փաշինյանը նշեց` որն է ստեղծված իրավիճակում մեր անելիքը

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը` այստեղ տարանջատում չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ստեղծված իրավիճակում հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախում ընթացող մարտական գործողություններին։

Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է. Փաշինյան

«Մեր անելիքը մեր ժողովրդի իրավունքների համար պայքարելն է մինչև վերջ, անսասան և անմնացորդ։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Այսօր, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, պայքարել նշանակում է զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանությանը»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման։ Հարցն այն է, որ, ըստ էության, Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։

Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։

«Այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, և այդ ջոկատների ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր և իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից» ,–ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, և հենց այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդկանց մոտ եղել են տրամադրություններ, թե կան մարդիկ, որոնք կկանգնեն իրենց իրավունքների և անվտանգության պաշտպանության դիրքերում։ Սակայն նրանցից ոչ մեկ չի մտածել, որ այդ մարդը հենց ինքն է։

Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. ՀՀ վարչապետ

«Այսօր արդեն մենք լեգենդներ ունենք ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են հայ ժողովրդի հաղթանակը կերտել։ Նրանք անում են ամեն հնարավորը, բայց պետք է նրանց կողքին կանգնել։ Նրանց կողքին կանգնած կամավորներից, սպաներից շատերը զոհվեցին, բայց պետք է նրանց տեղը կանգնել։ Դու ես հենց այն մարդը, որ այսօր պետք է վեր կենա ու զենք վերցնի և կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ դեռևս 1990-ականների սկզբին ձևակերպել ենք` առանց Արցախի չկա Հայաստան, այսինքն` պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը` այստեղ տարանջատում չկա։

Սա, ըստ նրա, նշանակում է զենք վերցնել և կռվել այնքան, մինչև դիվանագիտական եղանակով հնարավոր կլինի խնդիրը լուծել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը