Ադրբեջանական մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր. Հովհաննիսյան

Հյուսիսում Ադրբեջանի զինված ուժերը հարձակման մի քանի փորձ են կատարել, որոնք հայկական ԶՈւ–ի կողմից հետ են մղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօրվա ամփոփիչ ճեպազրույցում ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով` եթե նախորդ օրերին ռազմական գործողությունները հիմնականում վարվում էին հարավում ու հյուսիսում, ապա այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը։

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները պաշտպանության բանակը նաև տեսանյութով հրապարակել է, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ։ Մեր հրետանային կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի»,– ասաց նա։

Հյուսիսում Ադրբեջանի զինված ուժերը հարձակման մի քանի փորձ են կատարել, որոնք հայկական ԶՈւ–ի կողմից հետ են մղվել` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Կիրառվել է ռազմական ավիացիա, որը հիմնականում հաջողության չի հասել։

Հարավային ուղղությամբ ևս օջախային մարտերը շարունակվել են։ Հովհաննիսյանի խոսքով` դրանք մի փոքր ավելի են թեքվել դեպի Արաքս գետը։ Այստեղ ևս հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են։

«Որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել։ Հետ են մղվել` կրելով կորուստներ։ Օդուժ, որպես այդպիսին, չի կիրառվել, թեև առավոտյան մեր ԶՈւ–ն մեկ ինքնաթիռ էր խոցել, որի մասին հաղորդվել է»,– ասաց նա։

Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. Փաշինյանը` Ադրբեջանի վախերի մասին

ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ մարտերը շարունակվում են, բայց դրանք այժմ այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին։
Մարտերի ընթացքում կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ, մասամբ` օդուժ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը