Վարորդները դիմակ չեն դնում. Մարությանն ասաց` խիստ զգուշացվել են

Երևանի ավագանու անդամը նիստի ժամանակ բարձրաձայնեց կորոնավիրուսի թեման` ասելով, որ այս օրերին վտանգի տակ ենք դնում զինվորների կյանքը փրկող բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը Երևանի ավագանու այսօր կայացած նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի աննախադեպ աճին։

Երևանի կենտրոնում հերթական բարձրահարկը կկառուցվի. ավագանին համաձայնություն տվեց

Նրա խոսքով` վերջին շրջանում կան հասարակական տրանսպորտի օրինազանց վարորդներ, որոնք դիմակ չեն դնում։

«Դիմակ չկրող վարորդը չի էլ զգուշացնում առանց դիմակի տրանսպորտ բարձրացողին։ Սա տեղի է ունեցել իմ աչքի առաջ։ Բացի այդ, հիվանդանոցներում պետք է սահմանափակվեն տեսակցությունները, քանի որ հիվանդասենյակներում բազմաթիվ մարդիկ են հավաքվում։ Այդպիսով, մենք վտանգի տակ են դնում բժիշկների առողջությունը, այն բժիշկների, որոնք այսօր զինվորների կյանքն են փրկում»,–ասաց Զաքարյանը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց, որ երկու օր առաջ համայնքապատկան բոլոր կազմակերպություններին ևս մեկ անգամ խիստ կերպով զգուշացվել է, որ պետք է հետևեն անվտանգության կանոններին։

Ի դեպ, այսօր կայացած նիստի ժամանակ առաջին անգամ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24–ին, ժամը 11-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1234–ով և դարձել 65 694։