Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բավականին միասնական դիրքորոշում է հայտնել հրադադարի ռեժիմի վերահսկողության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է, թե որ կառույցն ու ինչպես կհետևի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ խոսելով Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների մասին:

«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն խնդրել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ խորհրդակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ:

«Կրակի դադարեցման պայմանավորվածության հասնելու պահից այն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը», - ասել է Նեբենզյան լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ երկուշաբթի տեղեկություններ են հաղորդվել այն մասին, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հակամարտության գոտում վերահսկողության մեխանիզմների իրականացման թեմայով։

«Այդ հարցը, իհարկե, բարձրացվել է խորհրդակցության ընթացքում, և խորհուրդը բավականին միասնական դիրքորոշում ունի այս հարցում», - նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Պատասխանելով հարցին, թե որ կազմակերպությունը` ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն ավելի հարմար կլինեին Լեռնային Ղարաբաղում կրակի պահպանման վերահսկողության համար, Նեբենզյան հայտարարել է. «ՄԱԿ-ի համար կպահանջվի Անվտանգության խորհրդի մանդատը, դա հեշտ ու արագ գործ չէ։ ԵԱՀԿ-ն գլխավոր դերակատարն է կարգավորման հարցում»։

Նա հավելել է, որ դեռ քննարկվող հարց է՝ «ով կլինի այնտեղ և ինչպես կստուգի»։ Նեբենզյան ընդգծել է, որ մեկ այլ հարց է, թե այն ինչպես կիրագործվի գործնականում։

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ հնարավոր են նաև զինադադարից հետո. Կազիմիրով

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: