Էրդողանը բավականին գրագետ է գործում։ Սեփական բանակը չի նետում իր իսկ հրահրած ռազմական գործողությունների կիզակետ։ Իսկ եթե ուղարկում էլ է, ուրեմն դրանք բացառապես հրահանգիչներ են կամ հատուկ զորքերի փոքր, բայց լավ պատրաստված խմբեր։
Աշխարհաքաղաքական առաջադրանքը «վերևից» են տվել Էրդողանին
Պաշտոնական Անկարայի կտրուկ շարժումները, որոնք սկսվեցին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Բաքվի հրահրած սադրանքներից անմիջապես հետո, միայն մի բան են վկայում` իր ավանդույթներին հավատարիմ թուրքական դիվանագիտությունը գործում է «կռվի մեջ մտնենք, հետո կերևա» սկզբունքով։ Արցախում տեղի ունեցող արյունահեղ իրադարձությունների դեպքում չարժե որևէ այլ կերպ դիտարկել (կամ առավել ևս գնահատել) Անկարայի գործողությունները։
Իհարկե, գերնպատակը, որն Էրդողանն իր առաջ դրել է ադրբեջանցի գործընկերոջը պատերազմի դրդելով, դեռ կատարված չէ։ Առայժմ ռազմական գործողություններում ներգրավված չեն ոչ միայն Իրանն ու Ռուսաստանը, այլև անգամ Հայաստանը։ Առայժմ ձևական առումով Ադրբեջանի, թուրք խորհրդականների և հատուկ զորքերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների դեմ պատերազմում է միայն Արցախի պաշտպանության բանակը։
Իսկ Էրդողանին «վերևից» ուրիշ առաջադրանք էին տվել՝ պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում։ Այնպես, որ ռազմական գործողություններում ներգրավված լինեն բոլորը։ Այդ դեպքում տարածաշրջանում կստեղծվի մի իրադրություն, որի պարագայում ՆԱՏՕ-ն կվճռի ներխուժել արնաքամ լինող տարածաշրջան։
Չէ՞ որ ոչ ոք չի կասկածում, որ Հյուսիսատլանտյան դաշինքին (այդ թվում՝ Թուրքիային) պայմաններ թելադրող ամերիկացիների գլոբալ (աշխարհաքաղաքական առումով) թիրախն ամենևին էլ 150 հազար բնակչություն ունեցող Արցախը չէ։ Անգամ երեք միլիոնանոց Հայաստանն ու տասը միլիոնանոց Ադրբեջանը չափազանց մանր են վաշինգտոնյան ստրատեգների համար, որպեսզի վճռեին այնտեղ իրավիճակն ապակայունացնելու համար անհրաժեշտ խոշոր ծախսերն անել։
Եվ ահա հանուն Իրանի, որը վաղուց արդեն Վաշինգտոնի հիմնական թիրախն է այս տարածաշրջանում, կարելի է և՛ լուրջ ծախսեր անել, և՛ «ամենայն Թուրքիո սուլթանի» տխմարությունը հանդուրժել։ Կարևորը, որ Էրդողանն իր հաշվին սկսել է պայթեցնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Որպեսզի արյունոտ արկածախնդրության դրդի իր «կրտսեր եղբորը»։ Որպեսզի իր նեոօսմանյան-կայսերական նկրտումների տակ թաքցնի ՆԱՏՕ-ի անդրօվկիանոսյան վերլուծաբան-փորձագետների լուրջ ծրագրերը։
Եվ պետք է, որ Թուրքիայի նախագահը «ոտքը գազին պահին» այնքան ժամանակ, մինչև ստիպված խառնվեն հենց Իրանն ու Ռուսաստանը։ «Բարեբախտաբար», խառնվելու պատճառներ և անհրաժեշտություն Անկարան նույնպես ապահովել է՝ ի դեմս այն նույն վարձկան-ահաբեկիչների, որոնց, ինչպես պնդում են ռուսական պաշտոնական պարբերականները, շարունակում է մատակարարել։
Մոսկվան փորձում է դրությունը դուրս բերել անելանելի վիճակից
Չէ՞ որ ամենապարզ տրամաբանությունը թելադրում է, որ, օրինակ, Իրանի միջամտությունն ավելի կսրի տարածաշրջանային իրադրությունը, քանի որ Թեհրանը ստիպված կլինի կոշտ կերպով հանդես գալ ոչ թե Բաքվի, այլ Անկարայի դեմ։ Քանի որ հենց Անկարան է «Ջեբհաթ ան-Նուսրայից» և ահաբեկչական այլ կազմակերպություններից ահաբեկիչներ մատակարարում Հարավային Կովկաս։ Իսկ այստեղ Անկարայի հետ բախումը կնշանակի ռազմական գործողություններ սկսել ՆԱՏՕ-ի դեմ, ինչին էլ հենց փորձում է հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի միջամտությանը, որը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի «կռվից վեր» մնա՝ որպես օբյեկտիվ միջնորդ։ Հերիք է, որ Մոսկվան մեկ միլիմետր շեղվի այդ սկզբունքից և իրերի ցանկացած դասավորվածության դեպքում կարող է ՆԱՏՕ-ի ռազմակայան ստանալ իր «փափուկ բարձիկի» տարածքում։ Օրինակ՝ բացահայտ օգնի Հայաստանին, և խնդրեմ՝ ռազմակայան ՆԱՏՕ-ական Թուրքիայում։
Օգնի Ադրբեջանին կամ թեկուզ չեզոքություն պահպանի` լուռումունջ դիտելով, թե ինչպես են Բաքուն, Թուրքիան և մերձավորարևելյան գրոհային-ահաբեկիչները ջարդուփշուր անում թող որ չճանաչված, բայց արդեն լիովին կայացած Արցախի Հանրապետությունը, և կկորցնի տարածաշրջանում միակ ռազմավարական դաշնակցին (ՀԱՊԿ, ԵԱՀԿ և այլն)՝ Հայաստանին։ Եվ այդ դեպքում կես տարի էլ չի անցնի (գուցե մի փոքր ավելի), և ռուսական ռազմակայանը կարող է փոխարինվել ինչ-որ այլ բանով։
Օրինակ՝ որևէ ՆԱՏՕ-ական կառույցով, որն ի վիճակի կլինի ապահովել երկրի անվտանգությունը Թուրքիայից։ Եվ վստահ եղեք՝ իրերի նման դասավորության դեպքում ՆԱՏՕ-ն կդիմի ցանկացած քայլի, կաշվից դուրս կգա, միայն թե պինդ բռնի Հարավային Կովկասը, որն Իրանի «Հյուսիսային դարպասն» է։ Մի խոսքով՝ իսկական շախմատային ցունգցվանգ, և Մոսկվայի ու Թեհրանի ցանկացած քայլը միայն կբարդացնի իրավիճակը։
Պետք չէ մտածել, որ Ռուսաստանում ու Իրանում չեն գիտակցում կամ չեն հասկանում տարածաշրջանում ստեղծված դրությունը։ Շատ լավ են հասկանում։ Համենայն դեպս ռուսական դիվանագիտությունը հնարավոր ամեն բան անում է, որ աշխարհաքաղաքական ծուղակից նվազագույն կորուստներով դուրս գա, ինչի վկայությունն են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության գործողությունները։
«Երկու փաստաթղթից հետո, որոնք ընդունվեցին և թույլ չտվեցին արմատապես փոխել իրավիճակը, պետք է հաստատել, ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմներ... ամենամոտ ժամանակահատվածում նման մեխանիզմը կհամաձայնեցվի»,-ասել է Լավրովը և անգամ հղում արել Շոյգուին, որը Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ աշխատում է նման մեխանիզմ մշակելու ուղղությամբ։
Անկարան փորձում է Արցախն ու Սիրիան միաձուլել որպես մեկ գո՞րծ․ Մոսկվային ու Թեհրանին ձեռնտու չէ
Իրանը գործում է իրեն հատուկ ոճով՝ դանդաղ, հանդարտ, առայժմ առանց կտրուկ գործողությունների կամ պատերազմական հռետորաբանության։ Ծանր տեխնիկա է բերել և քարացել սահմանին` պատերազմող կողմերին անընդհատ հասկացնելով, որ խստորեն հետևում է իրավիճակին և իր սահմանների խախտում չի հանդուրժի։ Սակայն երեկ հետաքրքիր տեղեկություն հայտնվեց։
Թեհրանը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին սիրիական բանակցությունների հերթական ռաունդ է նախատեսվում՝ Աստանայի ձևաչափով, փոխնախարարների մակարդակով։ Թվում է` Թեհրանը որոշել է դիվանագիտական դաշտում գործել և հետաքրքրված կողմերին առնվազն հանդիպման է հրավիրում։ Հաշվի առնելով, որ Սիրիայի ռազմաքաղաքական մարտադաշտում ևս Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները բնավ լավագույնը չեն, կարելի է հասկանալ, որ թուրքերի վրա փորձում են համատեղ ճնշում գործադրել․․․
Մյուս կողմից, երևում է, որ Արցախի և սիրիական պայթյունավտանգ Իդլիբի իրավիճակները Թուրքիան ի սկզբանե փորձում է միաձուլել որպես մեկ գործ։ Եվ Ռուսաստանն ու Իրանը կարծես չեն կարողանա խուսափել դրանից։ Բացառված չէ, որ Անկարան դրանց կձուլի նաև լիբիական «ծեծկռտուքները». զուտ քաղաքական համատեքստում նրա համար այդպես ավելի հեշտ է։
Մյուս կողմից՝ այդ հակամարտությունների թեման արդեն իսկ խաչվում է հենց թեկուզ վարձկան գրոհայինների առկայության պատճառով։ Այդ առումով ևս Էրդողանը բավականաչափ գրագետ է գործում։ Իր իսկ հրահրած պատերազմական գործողությունների մսաղացում աղում է ոչ իր զինվորներին ու սպաներին։ Իսկ եթե ուղարկում էլ է, ուրեմն բացառապես հրահանգիչներ են կամ հատուկ զորքերի փոքր, բայց լավ պատրաստված խմբեր, որոնք գրեթե զոհեր չեն ունենում կամ նվազագույն քանակով են ունենում։
Հանուն Օսմանյան կայսրության, որը Էրդողանը փորձում է վերածնել, հիմնականում պատերազմում և զոհվում են կա՛մ մեծ թվով տեղացիներ (Ադրբեջանում դա կադրային մարտական ստորաբաժանումներն են), կա՛մ նույն այդ վարձկան գրոհայինները՝ «հաջողության զինվորները»։ Հատկանշական է, թե ինչպես է սուլթանն իրեն պահում Սիրիայում ՝ Իդլիբում, որտեղ իրավիճակը կրկին շիկացել է՝ դառնալով պայթյունավտանգ։ Իր բանակի կադրային ստորաբաժանումները պահում է սեփական սահմանին մոտ, նույնիսկ ապամոնտաժում է այն նույն դիտակետերը, որոնց համար ոչ վաղ անցյալում դաժան մարտեր էին ընթանում։
Սակայն Սիրիայի տարածքը չի լքում՝ այն հույսով, որ Ռուսաստանը կշեղվի դեպի Արցախ, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի կրկին կռվի մեջ մտնել, «իսկ հետո արդեն կերևա»։ Իսկ առայժմ թուրքերը նոր, ավելի մոտիկ դիտակետեր են կառուցում, որպեսզի հնարավոր լինի լուրջ պատերազմ մղել ոչ միայն Սիրիայի օրինական բանակի, այլև ռուսական ռազմատիեզերական ուժերի դեմ։