ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել իր նոր «Սիմոն» գրքի համար ստացած 380 հազար ռուբլի կանխավճարը (շուրջ հինգ հազար դոլար)։
«Սիրելի ընկերներ։ Լույս է տեսել նոր գիրքս, որը զվարճալի է ու միաժամանակ ցավոտ։ Ոչ մի խոսք չկա պատերազմի մասին, մտածված եմ մի կողմ դրել այդ թեման. չէի ուզում պատերազմի մասին գրել։ Ու չեմ գրել։ Բայց պատերազմը ներխուժեց իմ կյանք, իմ բարեկամների կյանք, իմ ժողովրդի կյանք։ Հեղինակային կանխավճարը փոխանցել եմ Արցախին օգնող հիմնադրամին», - Facebook-ի իր էջում գրել է Աբգարյանը։
Նա խնդրել է Ռուսաստանի հայկական համայնքին, որն այժմ ահռելի աշխատանք է իրականացնում, շարունակել օգնություն ցուցաբերել։
«Ես անպայման շնորհակալություն կհայտնեմ բոլոր մարդկանց, որոնք կապ ունեն նոր գրքիս հետ, երբ ամեն ինչ ավարտվի ու երբ գտնվեն միակ ճիշտ խոսքերը․․․ Հուսամ՝ կհավանեք «Սիմոնը»», - գրել է նա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հերթին շնորհակալություն է հայտնել գրողին, որ նա խթանել է մարդասիրական դրամահավաքը։
Մեծավանցի երեխաները բանակի համար 68000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան․ լուսանկար
Հիշեցնենք` 2018 թվականին հրապարակվեց Աբգարյանի «Շարունակել ապրել» գիրքը, որում 90-ականների ղարաբաղյան պատերազմի մասին պատմող տասներեք պատմվածքները միաձուլվում ու մեկ պատմություն են դառնում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք է սկսել Արցախին ու թուրք-ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերին օգնելու նպատակով։
Ինչու են Արցախի հարցում հնդիկներն աջակցում հայերին․ The Indian Express–ի անդրադարձը