Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Ադրբեջանը զրկվել է ևս 9 ԱԹՍ–ից և 12 զրահատենիկայից. թշնամու կորուստներն ավելանում են

Հիշեցնենք՝ Կանադայի հայ համայնքը բողոքի ալիք էր բարձրացրել, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում, սակայն շարունակվող հետաքննությանը զուգահեռ որոշում էր կայացվել կասեցնել Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: